ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայ հոգեվոր երգի առաքյալը՝ Խորեն Պալյան

Հայ հոգեվոր երգի առաքյալը՝ Խորեն Պալյան
13.03.2024 | 16:00

Նա ծնվել էր Լիբանանի Տրիպոլի քաղաքում՝ 1935 թվականի մարտի 10-ին՝ Սփյուռքի բազմամյա մանկավարժ և հասարակական գործիչ Հարություն Պալյանի ընտանիքում։ 1946 թվականին նրանց ընտանիքը հայրենադարձվեց Հայաստան, և նրանց կյանքի այդ դրվագը ճակատագրի պարգև էր մի ամբողջ ազգի համար: Խորեն Պալյանը գերազանցությամբ ավարտեց Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվեց սարկավագ: Իսկ 1961 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվեց կուսակրոն քահանա։ 1962 թվականին Օշականում պաշտպանեց վարդապետական ավարտաճառ և ստացավ վարդապետական չորս աստիճաններ։

Խորեն Պալյանը կարող էր համալրել եպիսկոպոսաց դասը: Սակայն նրան վիճակված էր դառնալ մեր միջնադարյան շարականների ոչ միայն կատարողը, այլև դրանք աշխարհին ներկայացնողը: Իսկ Լուսինե Զաքարյանի պես ոգեղեն անհատականության հետ ամուսնությունը դարձավ մեր մշակութային կյանքի ևս մի գանձ: Խորեն Պալյանը միջնադարյան ճգնավորների պես ամբողջ կյանքում հին ձեռագրերից պեղեց ու վեր հանեց շարականները: ՈՒ ինքն էլ դրանց բերանացի կատարողն էր՝ շուրջ 1800 շարական, որը նրա բացառիկ ֆենոմենի դրսևորումն էր:

Հոգևոր երգիչ, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, բանասեր, գրաբարագետ Խորեն Պալյանը մարտի 10-ին կդառնար 89 տարեկան:

Եզնիկ Կողբացի 42/3: Ահա այս հասցեում երկար տարիներ՝ մի հարկի տակ ապրել ու ստեղծագործել են երկու առինքնող արվեստագետներ՝ Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը, որոնք եղան հայ միջնադարյան հոգևոր երգի պահապանն ու սերունդներին փոխանցողը: Քանի՜-քանի՜ հանճարեղ արվեստագեների են հյուրընկալել այս տան պատերը, որոնք ամենայն ժամ լսել են հայ հոգևոր երգի նվիրյալների կատարումները, նրանց աղոթքները:

Հինգ տարի առաջ այս հասցեում բացվեց «Լուսինե Զաքարյան» տուն-թանգարանը, որը սրբազան երկյուղածությամբ պահում ու պահպանում է Լուսինե Զաքարյան-Խորեն Պալյան զույգի երկար տարիների մտերիմ ընկեր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի (Հայֆա) Հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը. մի նվիրյալ հայուհի, ով երկար տարիներ նվագակցել է Խորեն Պալյանին, երբեմն-երբեմն էլ՝ նաև Լուսինե Զաքարյանին (բուհերում, գործարաններում, շրջկենտրոններում): Անցեք այս հասցեով, և ամեն պահի կլսեք սերունդների համար արժեք դարձած երկու մեծագույն արվեստագետների ձայնը, նրանց կատարումները, որոնք ապրեցնում են ամեն հայի:

...2024 թվականի մարտի 10-ին Խորեն Պալյան-Լուսինե Զաքարյան զույգի տանն էին հյուրընկալվել գիտնականներ, արվեստագետներ՝ նրանց հոգևոր ներկայությամբ նշելու Խորեն Պալյանի տարեդարձը: Ոգեղեն մթնոլորտով հագեցած հուշ-երեկո էր։ Ներկա էին հոգաբարձուների խորհրդի անդամներ Էդիկ Ավետիսյանը, Սամվել Միքայելյանը: Ներկա էին ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտը, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Օհանյանը, գրող, երգահան, երգիչ, ճարտարագետ Արսեն Համբարյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս Գևորգ Պողոսյանը, միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թովմասյանը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Նելլի Պետրոսյանը, «Մեսրոպ Մաշտոց» լեզվի և խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադիր –տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանը, լրագրող , խմբագիր, հրատարակիչ , Կոմիտասի ավան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Երաժիշտ» պաշտոնաթերթի հիմնադիր-խմբագիր, «Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը, Խորեն Պալյանի սաներ, ընկերներ, աշխատակիցներ, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու սիրելի ուսուցչին:

Միջոցառումը բացեց Լուսինե Զաքարյան տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը: Սովորաբար նա իր խոսքը սկսում էր Գրիգոր Նարեկացու մի կարճ աղոթքով: Սակայն այս անգամ նրա խոսքն այսպիսին էր.

-Ո՞վ էր Խորեն Պալյանը: Արդյո՞ք նա սովորական մահկանացու էր…Ո՛չ: Նա բացառիկ էր, եզակի էր. Ճշմարիտ մտավորական, հայոց պատմության, գրականության, երաժշտության, բառ ու բանի, հոգեւոր երաժշտության գիտակ, խորագետ, մինչեւ ուղն ու ծուծը իր ժողովրդին նվիրված, նրանով ապրող, նրա ապագայով ակտիվորեն մտահոգվող, երիտասարդներին իր օրինակով կրթող, սեր, անմնացորդ նվիրո՜ւմ առ հայրենի հողն ու ջուրը սերմանող... ՄԱՐԴ, որի պակասն այսօր շատ ենք զգում: Օրհնվեն ծնողներդ, Խորեն ջան՝ Մաքսիմիլիանա եւ Հարություն Պալյաններըը, որ քեզ նման զավակ են սնել-դաստիարակել:

Խորեն ջան, քո եւ Լուսինեի շունչը, սիրտն ու հոգին թանգարանում են: Առանց ձեր հոգեւոր ներկայության ու աջակցության ոչինչ չեմ անում եւ չեմ էլ կարող անել…

Շնորհակալ եմ Աստծուն, որ արդեն 60 տարի է մեր սրտերն իրար է միացրել:

Տնօրենը նշեց նաև, որ իր կյանքում երկու ամուսնություն է ունեցել: Եվ երկու հարսանիքների պսակի արարողությունը կատարել և ծաղկեցրել են Խորենն ու Լուսինեն…

Սուսաննա Դավթյանը շնորհակալություն հայտնեց Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանին (ով ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը և եղել է Սուսաննա Դավթյանի ուշիմ ուսանողը): Եթե նա հանձն չառներ և չիրականացներ այս բնակարանը թանգարանի վերածելու իր հորեղբոր երազանքը, ապա այսօր այստեղ նստած չէինք լինի, և անհայտ կլիներ այս բնակարանի ճակատագիրը։

Րաֆֆի Պալյանը հաղթահարելով բավական դժվարություններ ու ներդնելով մեծ ջանք ու նվիրում՝ նպատակադրված իրականացրեց իր հորեղբոր երազանքը։ Տնօրենն իր շնորհակալական խոսքն ուղղեց հոգաբարձուների խորհրդի անդամ Էդիկ Ավետյանին, ով ավելի քան երկու տարի հետևեց , ղեկավարեց ու իրականացրեց այս բնակարանի նորոգման աշխատանքները՝ նվիրված և հավատարիմ կերպով:

Սուսաննա Դավթյանը շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի մյուս անդամին՝ պրոֆեսոր, կենդանի լեգենդ Գուրգեն Մելիքյանին, ում աջակցությամբ և անշահախնդիր օգնությամբ թանգարանը կարողանում է երաժշտական միջին և բարձր մասնագիտական հաստատություններից ընտրել լավագույն ուսանողներին ` դարձնել նրանց Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի անվան անվանական կրթաթոշակառուներ: Նա երախտիքի հաջորդ խոսքն ուղղեց այն հեռուսատալրագրողներին, ովքեր ժամանակին էկրանին անմահացրել են Խորեն Պալյանին (Համլետ Ղուշչյան, Արթուր Բախտամյան, Հռիփսիմե Վարդանյան, Արփեն Մովսեսյան, Զավեն Հարությունյան…)։ Հատուկ շնորհակալություն հայտնեց «Վեմ» ռադիոկայանին, մասնավորապես հարգարժան Դանիել Երաժիշտին, ով իր հեղինակած հաղորդումներից մեկը՝ «Համաշխարհային դասական երաժշտություն, շարքից», հատուկ նվիրել էր Խորեն Պալյանին:

Եվ սկսվեցին աշխույժ ելույթներ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թովմասյանը, ով շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրենին մեր երկու մեծերի օջախը որպես ազգային- հոգևոր ժառանգության կենտրոն, վերնատուն կանգուն պահելու և ապրեցնելու համար, ուշադրություն հրավիրեց մի փաստի վրա.

-Երբ գնում ենք Սուրբ Գայանե վանք, որի բակում մեր մեծերն են հուղարկավորված՝ անցյալի պատմության հավերժ բնակիչները՝ նշանավոր ազգային և հոգևոր գործիչները, Մախլուտոն, Րաֆֆու Խենթը՝ Սամսոն Տեր - Պողոսյանը, Սարդարապատի հերոսներից

Դանիել Բեկ -Փիրումովը, Վազգեն Ա Վեհափառի մոր կողքին՝ Լուսինե Զաքարյանը, միշտ մի հարց է ինձ մտահոգում. ցավոք, Խորեն Պալյանի շիրիմը վանքի այգու մյուս ծայրամասում է: Չէ՞ որ Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանն ամուսիններ էին, արվեստում, մշակույթում նույնպես մի ամբողջություն էին: Մեծությամբ էլ , արժանիքներով էլ համապատասխան էին, մեկը մյուսին լրացնող: Կուզեի այս հարցը լիներ քննության առարկա: Եվ այսօր էլ ուշ չէ, կարելի է այդ հարցը վերաշտկել...

-Հարցը տեղին էր, -արձագանքեց թանգարանի տնօրենը:- Եթե հաշվի առնենք ինչ-ինչ հանգամանքներ, գուցե կարող էր դա էլ չլիներ…Լավ էր, որ Սուրբ Գայանե եկեղեցու բակում Խորեն Պալյանն իր հավերժական հանգրվանը գտավ: Նա ընդդիմադիր էր, բոլոր ժամանակների ղեկավարներին իրենց սխալների մասին երեսներին ասող: ՈՒ հանուն ճշմարտության կռիվ էր տալիս բոլորի հետ, նրա համար նշանակություն չուներ՝ այդ բարձրաստիճան դիրք զբաղեցնողը աշխարհի՞կ մարդ է, թե՞ կրոնավոր:

Բայց մի դրվագ պիտի ներկայացնեմ, որի մասին պատմել է Գուրգեն Մելիքյանը. երբ մահացել էր Խորեն Պալյանը, և Գուրգեն Մելիքյանը զբաղված էր նրա հուղարկավորության արարողությունը կազմակերպելու գործով, նրան է դիմում նախագահ Սերժ Սարգսյանը և ասում.

-Ինչու՞ ինձ չես ասել, որ մահացել է Խորեն Պալյանը:

Գուրգեն Մելիքյանն ասել էր.

-Խորեն Պալյանն ընդդիմադիր է:

Սերժ Սարգսյանը միանգամից հակադարձել էր.

-Բայց չէ՞ որ նա իմ ուսուցիչն է եղել…

Եվ աջակցում է, որ պատշաճ կերպով կազմակերպվի Խորեն Պալյանի հուղարկավորությունը:

Չի ուշանում նաև պարոն Թովմասյանի գնահատականը իրողությանը.

- Խորենի ընդդիմադիր լինելը գալիս էր իր ազնվությունից, չէր խաղում դիվանագիտություն: Նա ասում էր՝ ճշմարիտը ՝ հանուն ազգի շահի:

…Որքան շատ ժամանակ մեզ բաժանի Խորեն Պալյանի ապրած ժամանակից, այնքան ավելի է երևալու նրա իրական մեծությունը: Այս մասին էին «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Դանիել Երաժիշտի դիտարկումները.

-Խորեն Պալյանի մասին այնքան լավ բաներ ասվեց, որ դժվար է նոր խոսք ավելացնել: Լուսինե Զաքարյան, և նրա կողքին կարող ենք ասել ՝ Գոհար Գասպարյան: Բայց Խորեն Պալյանը եզակի է: Ինչո՞վ: Նախ՝ իր խառնվածքով:Եվ որպես երգիչ՝ իր «հայկական կոկորդով»: Նույն երգը, որ լսում ես Կոմիտասի, Արմենակ Շահմուրադյանի և Խորեն Պալյանի կատարմամբ, տարբերությունները զգում ես: Օրինակ, Խորենն ավելի արևելյան երանգով է կատարում, քան Կոմիտասն ու Արմենակ Շահմուրադյանը: Նա ծնունդով Լիբանանից է, և կարծում եմ, որ դա շատ մեծ կապ ունի: Արևելքի երանգն է, աշխարհագրական դիրքն էլ քիչ դեր չի խաղում: Խորեն Պալյանը տարբերվում է նաև լադային մտածողությամբ…Նա , ասես, երգում է «դուդուկահարի պես»: ՈՒ դա այնպիսի երանգ է տալիս, այնպիսի տարբերանշան… Միանգամից ճանաչելի է, որ Խորենն է երգում: Նա այնպիսի տեմբր ունի, ասես մետաղ կա նրա ձայնի մեջ, իր բնավորության պես կարծրություն: Եվ դա շահեկան է հայրենասիական, ազգային-ազատագրական պայքարի երգերը կատարելիս՝ «Դարձյալ փայլեց Սասնա Դավթի ազատության դրոշակ» կամ՝ «Հիմի՞ էլ լռենք»: Խորենի ձայնը աստեղային ձայն է: Ի՞նչն է նաև առանձնահատկությունը. Խորենը բազմաժանր երգիչ է: Ե՛վ հոգևոր երգն է իր մոտ կատարյալ, և՛ աշխարհիկը:

Խորեն Պալյանի ծննդյան օրվան նվիրված երեկոն շարունակվում էր նրա թողած ժառանգության, արվեստի շուրջ անկեղծ, անբռնազբոս զրույցներով:

Ելույթ ունեցավ երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժիշտ» պաշտոնաթերթի հիմնադիր-խմբագիր, «Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը, ով սիրահոժար կատարելով մեր տնօրենի խնդրանքը, թանգարանին նվիրեց տարբեր տարիներին լույս տեսած այն համարները, որտեղ ժամանակին հոդվածներ է գրել Խորեն Պալյանը, ինչպես նաև եղել են հոդվածներ նրա մասին: Թանգարանի տնօրենը՝ տիկին Սուսաննան անչափ բարձր գնահատեց այս արժեքավոր նվերը, որը կարևոր տեղ է գտնելու Լուսինե Զաքարյան տուն-թանգարանի ֆոնդում:

Գոհար Շագոյանը ներկայացնելով Խորեն Պալյան-մարդուն ու արվեստի նվիրյալին ընդգծեց.

- Ես կարևորում եմ Խորեն Պալյանի առնչությունները Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ, քանի որ 1979 թվականից նա կոնսերվատորիայում դասավանդել է գրաբար՝ միչև 1993 կամ 1994 թվականը:

Ես էլ եմ առիթ ունեցել վայելելու նրա դասերը:

Խորեն Պալյանի գրաբարի դասավանդումը ուղղակի դասեր չէին. դրանք շփումներ էին հայոց միջնադարի հետ, խորանում էինք շարականագիտության մեջ: Մենք իր առարկայի կուրսը ավարտելիս ստացանք սերտիֆիկատ, որը պատրաստել էր իր ձեռքով: Իսկ քննությունը անցավ երգեհոնի նվագակցությամբ:

26 տարի առաջ ստեղծվեց «Երաժշտական Հայաստան» ամսագիրը: Եվ Դանիել Երաժիշտը առաջինն էր, որ կոնսերվատորիայի մուտքի մոտ իմ ձեռքին տեսավ ամսագիրը և ինքն էլ հոդված ուներ՝ «Ռահվիրան» վերտառությամբ, որը Վահագն Ստամբոլցյանի մասին էր: Խորեն Պալյանն էլ հոդված ուներ ՝ «Գյուտ նշխարաց»՝ Սուրբ խաչի տոնի առթիվ: Եվ ինքը հիմք դրեց ամսագրում հոգևոր մշակույթի, ծիսակարգերի մասին գիտական նյութերին, որոնց մասին միայն ինքը կարող էր գրել: Երաժշտագետներն էլ իրենց թույլ չեն տալիս խորմուխ լինել. նրանք գրում են միայն երաժշտագիտական տեսանկյունից: Եվ շնորհիվ Խորեն Պալյանի՝ այդ ավանդույթը շարունակվեց: ՈՒ մենք մինչ օրս պահպանում ենք նրա ստեղծած հոգևոր էջն ու խորագիրը, որտեղ լուսաբանում ենք մեր միջնադարյան մշակույթը: Ես դա իմ պարտքն եմ համարում, քանի որ նաև մասնագիտական մամուլի հիմնադիրն եմ Հայաստնաում: 2017 թվականից ստեղծել եմ նաև «Հայ Կոմպոզիտոր» ամսագիրը ՀՀ Կոմպոզիտորների միությունում: Եվ այս տարի լույս է տեսնելու հայ կոմպոզիտորներին նվիրված գիտական ժողովածու՝ «Հայ կոմպոզիտորներն արդի աշխարհում»: Եվ պարտքս եմ համարում, որ Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի մասին միջոցառումները ևս լուսաբանվեն: Մեկ անգամ ևս՝ հիշատակները վառ:

Այս ելույթից հետո տնօրենը նշեց, որ ճիշտ չէ կոնսերվատորիայում գրաբար չդասավանդելը և պետք է կարողանալ գտնել մի մասնագետի, որ ուսանողներին դասավանդի գրաբար, որպեսզի նրանք ճիշտ երգեն մեր հոգևոր երգերը: Եվ սրա հետ համամիտ էին Գոհար Շագոյանը և բոլոր ներկաները:

Առինքնող է եղել նաև Խորեն Պալյան-ուսուցչի կերպարը: Եվ այս առումով հետաքրքիր հուշեր ներկայացրեց Խորեն Պալյանի սանը՝ Նելլի Պետրոսյանը, որ այսօր դասախոս է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Իր խոսքում նա նշեց.

- Ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալություն, սիրելի տիկին Դավթյան Ձեր մեծ ու նվիրական գործունեության համար։ Ձեր շնորհիվ և բոլոր այն մարդկանց, ում դուք նշեցիք թանգարանի ստեղծման գործում իրենց կատարած գործունեության մասին, ի կատար են ածել Խորեն Պալյանի երազանքը։ Նա փափագում էր տեսնել Լուսինե Ջաքարյանի անունով տուն-թանգարանը։ Ցավոք, չհասցրեց, բայց իր հոգին հանգիստ է ու խաղաղ, քանի որ թանգարանը կա, միշտ հյույընկալ է ու բաց բոլորի առաջ։ Խորեն Պալյանը ԵՊՀ-ի Աստվածաբանությսն ֆակուլտետի երախտավոր և հիմնադիր դասախոսներից մեկն էր, ում շնորհիվ ես ծանոթացա ծիսագիտություն և գրաբար դասընթացներին։ Բացի այդ նա անվճար հիմունքներով ուսանողներին, ովքեր երաժշտական կրթություն ունեին, սովորեցնում էր երգել ողջ պատարագը, շարականներ, սաղմոսներ… և կիրակի օրը Շողակաթ եկեղեցում հնարավորություն էր տալիս երգելու երգչախմբի հետ՝այդպես մեզ մոտ պահելով հոգևոր կյանքին։

Ելույթ ունեցան մյուս հյուրերը՝ յուրաքանչյուրը ներկայացնելով ի՛ր ճանաչած ու բացահատած Խորեն Պալյանին:

Խորեն Պալյանին և Լուսինե Զաքարյանին նվիրված որևէ միջոցառում չի անցնում առանց երաժշտական կատարումների: Ելույթ ունեցավ գրող, երգիչ, երգահան, ճարտարագետ Արսեն Համբարյանը՝ կատարելով «Մոկաց միրզան»:

Այնուհետև ելույթ ունեցավ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս Գևորգ Պողոսյանը՝ կատարելով

Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգը, իսկ միջազգային մրթցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանը կատարեց Բարսեղ Կանաչյանի «Օրոր» ստեղծագործությունը՝ ասես միմյանց լրացնելով և ստեղծելով մեր մշակույթի ժառանգականության շղթան իր հարուստ դրսևորումներով:

…Խորեն Պալյանն ապրեց՝ ապրեցնելով միջնադարյան հայ հոգևոր երգը: Նա մեր միջնադարյան շարականների բերանացի իմացողն ու տարածողն էր, որ ազգային գանձերը դուրս հանեց եկեղեցու պատերից, հանեց ու վերադարձրեց ժողովրդին: Եվ մենք դրանք սրբազնորեն պահողը պիտի լինենք՝ որպես փարոս մեր անցնելիք ճանապարհներին: Դրանցում մեր գոյատևման հենքն է՝ ընդդեմ արդի աշխարհի հոգևոր մարտահրավերների:

Շնորհավոր տարեդարձդ, սերունդների ՈՒսուցիչ, միջնադարյան հայ հոգևոր ժառանգության բացառիկ նվիրյալ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Հ.Գ.

Սովորաբար Խորեն Պալյանին նվիրված միջոցառումների մասին լուսաբանելիս մենք ներկայացնում էինք օրվա կադրերը: Սակայն այս անգամ ներկայացնում ենք նրա անզուգական մատուցմամբ ազգային-հայրենասիրական երգը՝ «Հիմի՞ էլ լռենք»: Սա այն երգերից է, որով մեր ֆիդայիները գնացել են թշնամու դեմ կռիվ: Այսօր էլ մեր գոյապայքարն ավարտված չէ: Եվ Խորեն Պալյանի այս ոգեղեն մատուցմամբ ՝ մեր մեջ կրենք Հայրենիքի պատկերը ու պայքարի գաղափարը և չմոռանանք, որ մենք դեռ պետք է գնանք մեր կորցրածի հետևից…

Դիտվել է՝ 3871

Մեկնաբանություններ

վում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am